12/06/2024 21:36
Որ գնաք տուն, ի՞նչ եք ասելու․ որ այսօր լուսաձայնային նռնա՞կ ենք նետել ժողովրդի վրա մի մարդու համար, որը առաջինը հենց ձեզ է «մատաղ անելու», ինչպես ձեր ընկերներին արեց՝ Շուշիում․ Սրբազանը՝ ոստիկաններին
Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում դիմեց ժողովրդի նկատմամբ ուժ կիրառած ոստիկաններին․
«Չգիտեմ՝ այսօր տուն գնալու եք թե չէ, բայց որ գնաք, ի՞նչ եք ասելու ընտանիքի անդամներին։ Ասելու եք՝ այսօր լուսաձայնային նռնա՞կ ենք նետել ժողովրդի վրա։ Ասելու եք, որ հայր, մայր, ինչ ասես՝ հայհոյե՞լ եք, քա՞ր եք նետել։ Կյանքիս մեջ չեմ տեսել քար նետող, քար շպրտող ոստիկան։ Գնալու եք հպարտ-հպարտ պատմեք, չէ՞, թե ինչպես «դաստիարակեցիք»։
Չէ, տղերք, խղճում եմ ձեզ։ Ձեր սրտին ու մտքին նայեք։ Մեր սրտի ու մտքի մեջ չկա՝ ձեզ վնաս պատճառել։
Ովքեր որ այդ լուսաձայնային նռնակները նետել են, նրանց ձեռքերը թող կոտրվի։ Նետելիս երևի մտածել եք՝ «սալյուտ» եք արձակում՝ «հաղթանակի» իմաստով ․․․ Հստակ ասում եմ՝ գնացեք ձեր երեխաներին, կանանց, մայրերին, հայրերին, քույրերին, եղբայրներին նայեք ու պատմեք՝ ինչ եք արել։ Նայեք, պատմեք, ուրախացեք, հպարտացեք։ Եթե կարող եք, արեք»,- ասաց Սրբազանը, ապա հավելեց՝ վստահ է նաև՝ շատ ոստիկաններ ստիպված են գնում այդպիսի քայլերի սեփական հայրենակիցների նկատմամբ։
«Վստահ եմ՝ ձեր մտքում չկա դա, բայց անում եք։ Անում եք մի մարդու համար, որը հենց առաջինը ձեզ է «մատաղ անելու»։ Հենց առաջինը, ինչպես 2020 թվականի հոկտեմբերին «մատաղ արեց» ձեր ընկերներին՝ Շուշիում։ Այս մարդու՝ այս սխախոսի, վախկոտի ձեռքով բոլորիդ ճակատագիրը նույնն է։
Մենք կիսում ենք այդ նույն ճակատագիրը։
Ձեր փոխարեն էլ եմ ամաչում։ Շատ, ծանր կերպով ամաչում եմ ձեր փոխարեն»,- ասաց Սրբազանը։