12/06/2024 13:06
Թշնամին ջանում է Վրաստանի և Մոլդովայի միջոցով ՌԴ-ի դեմ բացել երկրորդ ճակատ. Ռուս փորձագետ
Այս տարածաշրջանում թշնամին ջանում է բացել ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ, որպեսզի ռուսական ուժերը ջլատի. ՌԴ և ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները հետխորհրդային տարածքում» թեմայով հրավիրված կլոր սեղան-քննարկմանը հայատարարեց ռուս փորձագետ Դմիտրի Տրենին։
Ըստ նրա՝ երկրորդ ճակատ բացելու փորձերը երկու երկրներում են՝ Մոլդովա և Վրաստան, թեև Վրաստանի իշխանություններին հաջողվում է կանխել ՌԴ-ի հետ ուղիղ առճակատումը։
Ռուս փորձագետն անդրադարձավ նաև ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքներին և նկատեց, որ, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, որտեղ աշխատանքները բնականոն հունով ընթանում են, ՀԱՊԿ-ում խնդիրներն ակնհայտ են։
«ԼՂ հակամարտության ժամանակ ՀԱՊԿ-ը ցույց տվեց իրեն բնորոշ թույլ կողմերը և անորոշությունները։ Սա դաշինք չէ, այլ ռազմաքաղաքական ասոցիացիա՝ բազմաթիվ հարցերի վերաբերյալ արձանագրություններով, որոնք հստակ սահմանված չեն։ Սա պլյուս էր, երբ եղանակը լավ էր, բայց երբ եղանակը սարսափելի էր դառնում, լավը դարձավ ոչ այնքան լավ»,-ասաց նա։
Մասնագետը հավելեց, որ այդքանով հանդերձ՝ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ շրջանակներում և նշեց, որ նույնիսկ Ռուսաստանի համար ուկրաինական ամենակարևոր հարցում ՀԱՊԿ երկրները չեզոք դիրք են զբաղեցնում։
«Եթե լուրջ խոսենք, ապա ռազմաքաղաքական ոլորտում Ռուսաստանի միակ դաշնակիցը Բելառուսն է, թեև պաշտոնապես ՀԱՊԿ բոլոր երկրները համարվում են դաշնակիցներ։ Այլ երկրների դիրքորոշումը տարբեր աստիճանի բազմավեկտոր դիրքորոշում է»,- եզրափակեց փորձագետը։