12/06/2024 14:12
Բագրատ Սրբազանն իրական առաջնորդ է, որ դասեր է տալիս նաև փողոցում մեծացած տղաներին. Ալիսա Գևորգյան (Տեսանյութ)
Այն արդյունքին, որ մենք սպասում ենք, առանց ամուր նյարդերի, անսահման անձնազոհության, լուրջ ջանքերի չենք կարող հասնել, մատի մեկ շարժումով չի լինելու, յուրաքանչյուրի ներդրումը շատ կարևոր է։ Այն բոլոր մարդիկ, որ հավաքների ակտիվ մասնակիցներին հարցնում են՝ մի բան կլինի՞. չէ, առանց ձեզ ոչինչ չի լինի, առանց յուրաքանչյուրիս աշխատանքի ոչինչ չի լինի, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը։
«Ես ասում եմ՝ Աստված մեզ նորից ողորմություն արեց, պայքարելու հնարավորություն տվեց, որովհետև ընդամենը երկու-երեք ամիս առաջ դժվար էր պատկերացնել, որ քաղաքական դաշտում կլինի որևէ մեկը, որին կհաջողվի մարդկանց նորից ոտքի հանել։ Բագրատ Սրբազանին հաջողվեց համախմբել ծայրահեղորեն տարբեր հայացքներ ունեցող մարդկանց մի գաղափարի շուրջ, Սրբազանին այս կարճ ժամանակում հաջողվել է ավելին, քան ընդդիմադիր ուժերին՝ այս վեց տարիների ընթացքում։ Մարդատյաց Փաշինյանի կողքին կա Բագրատ Սրբազան, որ իր ամբողջ կյանքը զոհասեղանին է դրել, մարդ, որ իր ամբողջ կյանքում սեր ու հարգանք է վայելել։ Բագրատ Սրբազանը իրական առաջնորդ է, որ դասեր է տալիս նաև փողոցում մեծացած տղաներին։ Շարժումը պիտի հաջողի, չհաջողելու տարբերակ ընդհանրապես չպետք է դիտարկվի, եթե չհաջողի, կնշանակի, որ մենք իբրև ազգ չպետք է լինենք ու պետք է մոռանանք հայկական պետության մասին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։