12/06/2024 15:30
Ինչքան Ադրբեջանի, այդքան էլ Հայաստանի նախաձեռնությունն է եղել սահմանազատումը սկսել Տավուշից. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել ու չի զիջվելու, այս մասին լրագրողներին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր սակարկման ենթակա չէ»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ բանակցությունների սեղանից ՀՀ 32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք չի հանվել ու չի հանվելու։
«Սեղանին դրված է հետևյալը՝ հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով ու դրա հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը։ Որտե՞ղ պետք է շարունակվի սահմանազատումը՝ պետք է կոնսենսուս ձևավորվի»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե ինչքան Ադրբեջանի, այդքան էլ Հայաստանի նախաձեռնություն է եղել սահմանազատումը սկսել Տավուշից։
«Կարծում եմ՝ այդ թվում Ոսկեպարի անվտանգության ապահովման ամենաարդունավետ միջոցը սահմանազատված սահմանն է, այդ թվում՝ Կիրանցի, մյուս գյուղերի։ Մենք հետաքրքրված ենք, որ այդ պրոցեսը շարունակվի նույն տրամաբանությամբ»,- նշեց վարչապետը։