13/06/2024 00:56
«Ումի՞ց վախենալ՝ վախկոտի՞ց․ Վախկոտից վախենալը խայտառակություն է»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վստահ է՝ պայքարին էլ ավելի շատ մարդիկ են միանալու
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Բաղրամյան պողոտայում է, պայքարին միացած քաղաքացիների կողքին։ Նա ոստիկանության կողմից խաղաղ հավաքի դուրս եկած ժողովրդի նկատմամբ կիրառված բիրտ ուժն ու հատուկ միջոցառումները պետական խուլիգանություն որակեց։
«Պետական խուլիգանություն է։ Մեր պետությունը զավթված է խուլիգանների կողմից՝ տգետ, անբարոյական, լկտի, ցինիկ խուլիգանների կողմից։ Խուլիգանն ամեն ինչի ընդունակ է, այնպես որ, իրենք իրենց համապատասխան են գործում, զարմանալու բան չկա»,- ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Շիրակի թեմի առաջնորդը անդրադարձավ նաև իշխանության հիմնավորումներին, թե ոստիկանները հասարակական կարգ են ապահովում․
«Նրանք հասարակական կարգ չեն ապահովում, ինչպես իրենք են հայտարարում, այլ ընդամենը մեկ անձի ֆիզիկական գոյությունն են ապահովում։ Էդպես պիտի հիմնավորեն, բոլոր բռնատիրություններն էլ էդպես են հիմնավորում»։
Միքայել Սրբազանը նշեց նաև՝ այս ամենը հակառակ ազդեցությունն է ունենալու, ժողովուրդը էլ ավելի կշատանա։ Մտայնություն է, թե այսպիսի գործողություններով կվախեցնեն հայ մարդուն։
«Ումի՞ց վախենալ՝ վախկոտի՞ց։ Քաջից վախենալն ուրիշ բան է, վախկոտից վախենալը՝ լրիվ խայտառակություն։ Ես չեմ կարծում, որ մեր ժողովրդի զգալի հատվածը վախկոտից վախեցող է, իսկ մեր առջև վախկոտներ են, ողորմելիներ են։ Իրոք ցավում եմ, որ մեր պետությունը այսօր ներկայացնող մարդկանց տիպված եմ այս մակդիրներով «նախշել», բայց դա է այսօրվա իրականությունը»,- ընդգծեց նա։
Շիրակի թեմի առաջնորդը առողջություն մաղթեց բոլոր նրանց, ովքեր այսօր տուժել են ոստիկանական բիրտ ուժի գործադրումից ու լուսաձայնային նռնակների կիրառումից․
«Շուտափյութ ապաքինում և վերադարձ շարքեր»։