13/06/2024 10:38
ՄԻՊ-ը ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ անդրադարձել է աղետի գոտում փաստահավաք աշխատանքներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Քրիստոֆեր Ջ. Անդերսոնին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սքոթ Մուռը և քաղաքական հարցերով մասնագետ Իրինա Մկրտչյանը։
Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձել ատելության խոսքի, խտրականության և անհանդուրժողականության դրսևորումներին։
Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում. աշխատակազմի հետ այցելել է Գորիս, Կոռնիձոր և Վայք` աշխատանքներն իրականացնելով նաև գիշերային ժամերին։
Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։
Հանդիպման շրջանակներում Պաշտպանը ներկայացրել է նաև Լոռու մարզի աղետի գոտում իրականացրած փաստահավաք աշխատանքների մանրամասները, նշել, որ աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների:
Ի թիվս այլնի, քննարկվել են հավաքների ազատության իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված գործերի քննության համատեքստում առկա խնդիրները։
Իր հերթին Քրիստոֆեր Ջ. Անդերսոնը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։