13/06/2024 13:06
Իմ հորդորն է ձեզ` մնալ, ապրել ու աշխատել Մարտունիում. Գեղարքունիքի մարզպետը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանի նիստերի դահլիճում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Ներկայացվել են Մարտունի համայնքում վերաբնակություն հաստատած արցախցիներին ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները։
Այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներն առաջիկա մի քանի տարիների ընթացքում կկարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով, առանց տրամադրված գումարների վերադարձի։
Ծրագիրը կընթանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։
Մարտունի համայնքի բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են երրորդ գոտում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար կտարամդրվի 3 միլիոն դրամ։
Ցանկության դեպքում Մարտունի համայնքում վերաբնակված արցախցիները կարող են ծրագրից օգտվելու վայր ընտրել բոլոր այն բնակավայրերում, որոնք ընդգրկված են առաջին և երկորդ գոտիներում։
Առաջին գոտում ընդգրկված բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար յուրաքանչյուր շնչին տրամադրվում է 5, երկրորդ գոտում ընդգրկված բնակավայրերի համար` 4 միլիոն դրամ։
Կառավարության որոշմամբ սահմանված են նաև ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։
Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 միլիոն դրամ։
Ծրագրից օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր սիրելի հայրենակիցներ, իմ հորդորն է ձեզ` մնալ, ապրել ու աշխատել Մարտունիում կամ մեր մարզի այլ բնակավայրերում։ Մեր մարզում կան բավարար աշխատատեղեր, դուք կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որտեղ ձեզ կառաջարկեն համապատասխան աշխատանք»,- ասել է Կարեն Սարգսյանը։