13/06/2024 16:47
Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին
Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին, այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչ արագությամբ է սրվում առճակատումը երկրի ներսում: Չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը», - նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանելու այս հարցը։
«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը՝ մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից»,- ասել է Անատոլի Գլազը։
Նա ընդգծել է՝ «եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամի ներկայացնելով՝ ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»։
Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հաղորդեց, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։