14/06/2024 12:24
2018-2022 թթ.-ին Բելառուսը առաջադեմ զինատեսակներ է գաղտնի մատակարարել Ադրբեջանին․ POLITICO
Բելառուսն առաջադեմ զինատեսակներ է մատակարարել Հայաստանի ոխերիմ թշնամի Ադրբեջանին, թեև երկու երկրներն էլ, ենթադրաբար, դաշնակիցներ են Ռուսաստանի գլխավորած միջազգային պաշտպանության դաշինքում. այս ամենը հաստատող արտահոսած փաստաթղթերը հայտնվել են POLITICO-ի տրամադրության տակ։
Լրատվամիջոցը նշում է, որ դրանք լույս են սփռում Հայաստանի որոշման վրա՝ հայտարարելու ռազմական դաշինքից դուրս գալու մտադրության մասին և նշվում է, որ Հայաստանն այժմ գտնվում է դեպի Արևմուտք պատմական թեքման շեմին՝ պաշտպանվելու համար գնալով դեպի Եվրոպա և ՆԱՏՕ, տասնամյակներ անց, երբ նախկին խորհրդային հանրապետությունը հույսը դրեց Մոսկվայի վրա:
Ըստ POLITICO-ի՝ սա դրամատիկ շրջադարձ է, որը կթուլացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը նախկին խորհրդային երկրներում։ Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսը 2018-ից 2022 թվականներին առաջադեմ ռազմական տեխնիկա է մատակարարել Ադրբեջանին, որը Հայաստանի կողմից կդիտարկվի որպես դավաճանություն։
«Ավելի քան մեկ տասնյակ նամակների, դիվանագիտական նոտաների, վաճառքի և արտահանման փաստաթղթերի պահոցը, որը տեսել է POLITICO-ն, ցույց է տալիս, որ Բելառուսն ակտիվորեն աջակցել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, երբ Հայաստանի հետ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային սարքավորումների արդիականացում և ռադիոէլեկտրոնային պայքարի ու անօդաչու թռչող սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում: Փաստաթղթերի թվում են Բելառուսի զենքի արտահանման պետական գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի համար ժամանակակից հրետանու թիրախային սարքավորումների պատվերներին, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի համար Groza-S անօդաչու թռչող սարքերի շարժական մարտական կայանների ձեռքբերման վերաբերյալ երկու պետությունների նամակագրությունը»,-գրում է լրատվամիջոցը և նշում, որ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Բելառուսի կառավարությունները չեն արձագանքել լրատվամիջոցի՝ մեկնաբանությունների խնդրանքներին»։