14/06/2024 11:04
Մեկնարկում է ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը. կարելի է դիմել հունիսի 15-ից
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մտնում է գործնական փուլ, հունիսի 15–ից արդեն կարելի է առցանց դիմումներ ուղարկել. կառավարությունն այսօր հաստատեց որոշումը։
Նախորդ ամիս՝ մայիսի 16–ին, գործադիրը հաստատել էր ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիրը: Հիմա կարգի հաստատման պարագայում՝ հունիսի 15–ից արդեն հնարավորություն է տրվում ընդունելու դիմումները՝ բացառապես առցանց եղանակով:
Բնակարանի ձեռքբերման համար հավաստագիրը ևս ուղարկվելու է էլեկտրոնային եղանակով, կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով կարող են մոտենալ բանկ և սկսել գործընթացը: Մինչ այդ, իհարկե, քաղաքացիները պետք է ընտրեն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի պետության աջակցության չափին և պայմաններին:
«Վաղվանից կընդունվեն դիմումներն այն դեպքերի համար, երբ շահառուները ցանկանում են գնել բնակարան կամ բնակելի տուն: Հուլիսի 15–ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը: Օգոստոսի 1–ից արդեն կկարողանանք դիմումներ ընդունել այն ընտանիքներից, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, աջակցություն ստանալու համար կկարողանան դիմել օգոստոսի 1–ից»,–ասաց Խաչատրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ որոշմամբ որոշակի սոցիալական խմբեր էին թիրախավորել: Հիմա խոսքն առաջին հերթին վերաբերում է այն ընտանիքներին, որոնք այդ սոցիալական խմբերի մեջ են:
Փոխնախարարը հիշեցրեց այդ սոցիալական խմբերը. «Առաջին փուլով աջակցություն են ստանալու 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքները, ընտանիքները, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամ: Հուլիսի 15–ից կկարողանան այն ընտանիքները, որոնք ունեն 2 անչափահաս երեխա, բայց տուն կառուցելու համար են դիմել»:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց ծրագրի վերաբերյալ մարդկանց իրազեկվածության բարձրացումը:
«Սրանով մենք, ըստ էության, արձանագրում ենք, որ ԼՂ–ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մեկնարկում է, այսինքն՝ մտնում է գործնական փուլ: Որոշման շատ կարևոր և անբաժանելի մաս է, որ այս ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմեն այն անձինք, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն, այսինքն՝ այս ընթացքում դիմել ու ստացել են ՀՀ քաղաքացիություն»,–ասաց վարչապետը՝ սա համարելով ճիշտ մոտեցում:
Փաշինյանը հավելեց, որ նախագիծն ահռելի մեծ ծավալի է, ցավոք, հնարավոր չէ հարցը 1–2 ամսում լուծել, երկարաժամկետ նախագիծ է:
«Սա ուղղակի տուն կառուցելու նախագիծ չէ, զուգահեռ պետք է փորձենք աջակցել, որ մարդիկ իրենց կյանքը պլանավորեն: Տունը եղավ, իսկ մարդը որտե՞ղ է աշխատելու, գործունեության ի՞նչ տեսակով է զբաղելու»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ բոլոր հարցերով ևս ծրագրեր ունեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: