14/06/2024 15:21
Էկոնոմիկայի նախարարությունում քրգործերի բովանդակության մեջ ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն է եղել խորանալու, թիմը լավ աշխատում է. Նախարար
Քրեական գործերի բովանդակության և էության մեջ ոչ ժամանակ է եղել, ոչ էլ ցանկություն խորանալու, դա իմ գործը չէ. հրավիրված ասուլիսին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նախարարությունում չարաշահումների մեղադրանքներով առկա աղմկահարույց գործերին։
«Դրանք իրավապահների գործն են, կքննեն և որոշումներ կկայացնեն»,-ասաց նա։
Նա միայն անդրադարձավ ինտենսիվ այգիների հետ կապված չարաշահումներին՝ նշելով, որ դրանց հետ ուզած-չուզած սերտ աշխատում են։ «Այստեղ դրական իրավիճակ ունենք, որ բազմաթիվ քաղաքացիներ ունենք՝ տասնյակներով, որոնք ասել էին 11 հա այգի ունեն, բայց մենք ասել ենք՝ ո՛չ, 7 հա է, հիմա իրենք գալիս են, կնքում համաձայնագիր, որ փոխհատուցում ստանան։
Նախարարը նշեց, որ նախարարությունում հիմա լավ, բնականոն աշխատում են։
«Թիմը լավ աշխատում է՝ ծանրաբեռնված, օրնիբուն, մեր ամենօրյա նպատակն է կառավարության կողմից նախանշված 7 տոկոս տնտեսակա աճն ապահովենք։ Բոլորս ամեն առավոտ գալիս ենք աշխատանքի և գնում ենք շատ ուշ՝ նույն նպատակով»,-ասաց նա։