14/06/2024 12:09
Այս շարժման տերը ժողովուրդն է. Հայկ Մամիջանյան
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման տերը ժողովուրդն է, այս մասին ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Այն նմանությունները, որոնք երբեմն տեսնում են 2018 թվականին իրականացված այս կամ այն գործողությունների միջև, ընդամենը ոչ բռնի, խաղաղ անհնազանդության՝ ամբողջ աշխարհում տարածված մեթոդներ են, որոնք, վստահեցնում եմ ձեզ, Փաշինյանը չի հորինել, այլ, հակառակը, իրեն 2018 թվականին թղթի վրա գրած տվել են, ասել՝ «կբարձրանաս փշալարի վրա, ձեռքդ կճղվի, քանի որ դու ու բանակն անհամատեղելի եք ու ամբողջ կյանքդ բանակին թշնամի ես եղել, եղել ես ծախու խմբագիր և այլն, պետք է զինվորական մայկա հագած լինես, հետո մի աղջիկ ներքնազգեստով ինչ-որ բան կփակի, դու կպառկես այսինչ տեղը, զույգը կգնա ոստիկանական շարքերի դիմաց ու կհամբուրվի». սրանք եղել են բոլոր երկրներում արտաքին ուժերի կողմից ֆինանսավորված ու գործուղված փողոցային գործողությունների ժամանակ»,- ասաց նա։
Մամիջանյանի խոսքով՝ Սրբազան պայքարի ժամանակ երբեմն նկատվում են որոշակի տեխնիկական թերություններ, որովհետև իրենց այդ ամենը թղթով դրսից տվող չկա։
«Կարծում եմ՝ դա, առաջին հերթին, պետք է վստահություն ներշնչի»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Նա ընդգծեց՝ 2018 թվականին խաբված քաղաքացիներն այնպես են վառվել, որ, այո՛, շատ դժվար են իրենց մեջ ուժ գտնում նորից փողոցային պայքարի միջոցով ազատվել «այս խայտառակությունից, որը կոչվում է, իբր թե, ՀՀ կառավարիչներ»։