15/06/2024 13:03
ՀՀ-ում բնակչության մի խոշոր հատված հոգնել է ապրել թշնամու կողմից համազգային նվաստացման, մեր հայրենիքի՝ մաս-մաս կլանման պայմաններում․ Ոսկանյան
Չնկատել այն, որ Հայաստանում բնակչության առնվազն մի խոշոր հատված այլևս հոգնել է ապրել թշնամու կողմից համազգային նվաստացման, մեր հայրենիքի՝ մաս-մաս կլանման, լակոտական մակարդակի ներքին «բանավեճերի» և նման այլ մերժելի երևույթների պայմաններում, առնվազն «ջայլամային քաղաքականություն» է, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա ընդգծել է՝ հասարակական ճգնաժամերը ոչ մի տեղ չեն կորչում, եթե դրանք ոչ թե լուծում ես, այլ, իբր, չնկատելու տալիս՝ իբր, շարունակում ապրել այնպես, կածես թե արտառոց ոչինչ չի կատարվում։
«Սա նույնն է, թե աչք փակել թեկուզ ոչ ուժգին նշաններով, բայց, այսուհանդերձ, իրեն դրսևորող հիվանդության հանդեպ՝ մոտեցում, որն առնվազն ոչ խելամիտ, եթե չասենք՝ վտանգավոր է և, ի վերջո, հանգեցնելու է անդառնալի հետևանքների։
Հայաստանը երկու կողմից գտնվում է ագրեսիվ թշնամական միջավայրում, և, պատկերավոր ասած, հիվանդոտ ու անդամալույծ վիճակում ունակ չի լինելու դիմակայելու կենսական անվտանգային մարտահրավերներին, ուստի մեզանում խորքային փոփոխությունները, որոնք միտված պետք է լինեն ոչ թե փաստացի մահվան տանող «իրականության հետ հաշտվելուն», այլ այդ իրականությունն ի շահ մեզ վերադասավորելուն, նույնպես կենսական նշանակություն ունեն», - նշել է նա։