15/06/2024 16:56
Արցախցիներս ոչ միայն տուն ենք կորցրել, այլ ամենաթանկը՝ հայրենիք, մարդկային կյանքեր. դրանք որևէ կերպ չեն կարող փոխհատուցվել
Միայնակ ապրող մայրս, որ ամբողջ կյանքում աշխատել է, մնաց անտուն։ Հորեղբորս մեծ ընտանիքը նույնպես, իմ հարյուրավոր բարեկամները, բոլոր արցախցիները նույն դաժան ճակատագրին արժանացան. դժվարանում եմ անգամ որևէ մեկին առանձնացնել,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է Նարինե Ավանեսյան-Գաբրիելյանը։
«Իշխանության առաջ բերած ծրագիրը՝ բնակարանների այսպես կոչված ապահովման, հերթական փորձն է մարդկանց հույզերը կառավարելու և ոչ ավելին։ Եթե այս իշխանությունն իրապես մտահոգված լիներ իր իսկ մեղքով ամեն ինչ կորցրած արցախցիների կյանքով, ապա այսքան ամիս չէր թիրախավորի արցախցիներին, ատելության քարոզ չէր հովանավորի։ Պատահական չէ, որ հենց այս փուլում իշխանությունը ակտիվացրեց ծրագրի մասին քննարկումները, իրենց պատկերացմամբ փորձում են այդպես մեղմել արցախցիների ցասումը, հետ պահել նրանց պայքարից, բայց եկել եմ հիասթափցնել՝ արցախցիներս ոչ միայն տուն ենք կորցրել, այլ ամենաթանկը՝ հայրենիք, մարդկային կյանքեր, դրանք որևէ կերպ չեն կարող փոխհատուցվել, կոմպենսացվել»։
Նարինե Ավանեսյան-Գաբրիելյանն ընդգծում է՝ ծրագիրը, որ առաջ են բերել, նույնպես խիստ խտրական է։ «Ինչու՞ պետք է մայրս այսպես կոչված փոխհատուցում ստանա սահմանամերձ գոտում տուն ձեռքբերելու համար՝ իրեն խնամող երեխաներից հեռու։ Ես միայն իմ հարցը չեմ բարձրաձայնում. հազարավոր այսպիսի օրինակներ կան։ Ինչքան սահմանամերձ՝ այնքան գումարը շատ, այս սկզբունքը ոչ թե արցախցիներին աջակցելու ծրագիր է, այլ՝ Երևանից հեռու պահելու, արցախցիներին իրարից հեռացնելու, բաժան-բաժան անելու, մինչդեռ եթե ՀՀ իշխանությունը ծառայեր հայկական շահերին, ապա ամեն բան կաներ արցախցիներին նույն միջավայրում պահելու համար։ Այս ծրագրով ՀՀ իշխանությունը փորձում է պառակտում առաջացնել հենց արցախցիների մեջ՝ մեկին շատ, մեկին քիչ գումար տալով։ Հազարավոր արցախցիներ, որ Արցախում քաղաքային բնակավայրերում են ապրել, գյուղական միջավայրին, գյուղում ապրելու կենսակերպին սովոր չեն, ի՞նչ են անելու, չէ՞ որ նաև աշխատանքի, զբաղվածության հարց էլ է առաջանալու»։