15/06/2024 18:15
Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն, չնայած քաղաքական բնույթի են որակում. ՔԿ
GG ընկերության գրասենյակներում Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում՝ «Լուրերին» հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նա նշել է, որ խուզարկությունն իրականացվում է դեռևս 2023 թվականին հարուցված քրեական վարույթի շրջանակում: Չնայած այս հանգամանքին՝ որոշ փաստաբաններ խուզարկությունը քաղաքական բնույթի են որակում՝ պատճառաբանելով, թե GG ընկերության տնօրեն ու հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը «Տավուշը հանուն հայրենիքի» աջակիցներից է։
«Նախաքննության շահերից ելնելով՝ շատ տեղեկատվություն տալ չեմ կարող, քանի որ այս փուլում չի բխում նախաքննության շահերից: Կարող եմ միայն ասել, որ դեռևս 2023 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ տվյալ տնտեսվարողի գործունեության հետ կապված, որի շրջանակում նախընթաց ժամանակահատվածում իրականացվել են համապատասխան քննչական վարութային գործողություններ և նախաքննության ներկա փուլում առաջացել է տվյալ սուբյեկտի գործունեությանն առնչվող 3 հասցեներում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն, որի շրջանակում էլ տվյալ քննչական գործողությունն իրականացվում է»,- ասել է Գոռ Աբրահամյանը։