15/06/2024 16:22
Մարդկանց բացատրենք, որ թակարդում չհայտնվեն. երկու արևմտամետ բլոկ կա, երկուսն էլ խարդախներ են, հույսի վաճառականներ (Տեսանյութ)
Երկու արևմտամետ բլոկ կա՝ մեկը հայտնի քառյակն է, մյուսը՝ ձևավորում են։ Այս երկու բլոկներից յուրաքանչյուրին Փաշինյանը դեր պիտի հատկացնի, որպեսզի ընտրություններին փորձեն վերարտադրվել։ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը բոլորի դիմակը պատռեց, իրենք բոլորը հիմա գեներացնում են իշխանության նարատիվները, հայտնվում են Հանրային հեռուստաընկերության հարմարավետ եթերում՝ թիրախավորելով Բագրատ Սրբազանին, եկեղեցուն, բոլոր նրանց, ովքեր իրենց գործունեությամբ իշխանությանը սպառնալիք են ներկայացնում։ Մարդկանց պետք է բացատրենք, որ թակարդում չհայտնվեն։ Բոլոր այն ուժերը, որ չարամտորեն հակառուսական փսիխոզ են գեներացնում՝ Փաշինյանի վրայից պատասխանատվության բեռը թոթափելու համար, նրանք խաղի մեջ են նույն Փաշինյանի հետ, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Այդ մարդիկ որևէ սկզբունքային հարցում Փաշինյանին չեն հակադրվում, 5-րդ շարասյուն են որակում բոլոր նրանց, ովքեր ընդդիմանում են իշխանության քաղաքականությանը։ Եթե նույնիսկ համարենք, որ արտահերթ ընտրություն չի լինելու, երկու տարի առաջ այդ, այսպես կոչված, արևմտամետները փորձում են դիրքավորվել իբրև ընդդիմադիրներ, որպեսզի քվեներ կարողանան կորզել։ Օրինակ, «Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունից առաջ փորձեց դիրքավորվել իբրև ընդդիմադիր կուսակցություն, հենց հայտնվեց ավագանիում, միանգամից դարձավ ՔՊ-ի կցորդը։ Ես մեր հանրությանը կոչ եմ անում չխաբվել, իրենք իրականում արկածախնդիրներ են, հույսի վաճառականներ, քաղաքական խարդախներ, որոնք զանազան խոստումներով մեր հանրությանը խաբել են ու շարունակելու են խաբել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։