17/06/2024 18:56
Զինված հարձակում է տեղի ունեցել Կոլումբիայի փոխնախագահի ընտանիքի անդամների վրա
Կոլումբիայի փոխնախագահ Ֆրանսիա Մարկեսը հայտնել է, որ անհայտ անձինք զինված հարձակում են գործել իր հոր և զարմիկի վրա։
«Հայրս և վեցամյա զարմիկս, նաև անվտանգության երկու աշխատակիցները հարձակման են ենթարկվել Սուարեսից Կալի ճանապարհին: Բարեբախտաբար, նրանք չեն տուժել և իրենց լավ են զգում։Ես խնդրում եմ Կոլումբիայի դատախազությանը հետաքննություն սկսել, իսկ պաշտպանության նախարարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ուժեղացնելու զինվորական և ոստիկանական ուժերի ներկայությունը, որոնք նպաստում են անվտանգության ապահովմանը։ Այս դժվարին ժամանակներում ես կոչ եմ անում ողջ Կոլումբիային միավորել ուժերը՝ խաղաղություն բերելու մեր հասարակությանը»,- գրել է քաղաքական գործիչը X-ում (նախկինում՝ Twitter)։
Կոլումբիական El Tiempo պարբերականն էլ հայտնել է, որ անհայտ անձինք կրակել են փոխնախագահի ընտանիքի անդամներին տեղափոխող ավտոմեքենայի ուղղությամբ։ Կոլումբիայի կառավարությունն արդեն դատապարտել է տեղի ունեցածը, իսկ երկրի նախագահ Գուստավո Պետրոն հանձնարարել է հետաքննություն սկսել։