17/06/2024 11:12
Աղձքում ամփոփված են ոչ միայն Արշակունի, այլև նրանց նախորդած հայկական դինաստիաների հայ արքաների աճյունները. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)
Աղձքի արքայական դամբարանը եզակի վայր է, որտեղ ամփոփված են հայկական արքայական տների ներկայացուցիչների աճյունները: Գիտնականների շրջանում ընդունված է կարծիքը, որ Աղձքի դամբարանում վերջին հանգրվանն են գտել մեծամասամբ Արշակունի արքաները, որոնք որպես թագավորներ՝ Հայաստանում իշխել են շուրջ 350 տարի և լրջագույն ներդրում են ունեցել հայկական ազգային, մշակութային, հոգևոր ու քաղաքական ինքնության կայացման գործում:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ 4-րդ դարում Հայաստան ներխուժած պարսկական զորքը թիրախավորել է Անգեղ ամրոցը, սակայն չկարողանալով նվաճել, շարժվել է հյուսիս՝ Անի ամրոց, որտեղ պահվում էին ոչ միայն պետական գանձերն ու հարստությունը, այլև ամփոփված էին հայ արքաների աճյունները: Ըստ Փավստոս Բյուզանդի՝ Սասանյան բանակը չի կարողացել քանդել միայն Սանատրուկ արքայի դամբարանը: Մնացած դամբարանները հապճերորեն բացվել են և արքաների աճյունները հանվել են: Այդպիսով պարսիկները փորձել են որպես ռազմավար Իրան տեղափոխել նաև հայ արքաների աճյունները:
Ըստ որոշ մեկնաբանությունների՝ նման քայլով Սասանյանները փորձում էին բացառել Արշակունիների «ռեստավրացիան» բուն Իրանի ներսում: «Շահնշահ» տիտղոսը կրող Սասանյանների համար կարևոր էին նաև Արշակունիներին նախորդած հայ արքայական դինաստիաների ներկայացուցիչների աճյունները, քանզի օրինակ՝ Արտաշեսյան դինաստիայից Տիգրան Մեծը ժամանակին պարթևներից նվաճել և ինքն էր կրել «Արքայից արքա» տիտղոսը: Այնուամենայնիվ, Փավստոս Բյուզանդի վկայությամբ՝ Վահան Մամիկոնյանի գլխավորած հայոց զորքը ճակատամարտում ջախջախում է պարսկական բանակին և հետ վերցնում հայ արքաների աճյունները: Այնուհետև դրանք հողին են հանձնվում Արագած լեռան փեշերին գտնվող Աղձք գյուղում: Արդեն 1970-ականների սկզբներին սկսված պրոֆեսիոնալ հնագիտական աշխատանքները հայտնաբերեցին արքայական դամբարանը:
Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի՝ Արշակունի արքայատոհմը լրջագույն քաղաքակրթական դերակատարություն է ունեցել հայերի ազգային ինքնության ձևավորման գործընթացում: Արշակունիների իշխանության շրջանում են տեղի ունեցել մի շարք դարակազմիկ իրադարձություններ, որոնց հետքերը զգալի են նաև մեր օրերում:
Աղձքի արքայական դամբարանի, Արշակունի արքայատոհմի և 4-րդ դարի տարածաշրջանային աշխարհաքաղաքականության պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։