17/06/2024 14:17
Քաղաքական փոփոխության հասնելու ճանապարհը ժողովրդավարական համակարգն է. ԱՄՆ պաշտոնյան՝ ՀՀ-ում ոստիկանների գործողությունների մասին
Քաղաքական փոփոխության հասնելու ճանապարհը ժողովրդավարական համակարգն է, այս մասին Երևանում լրագրողներին ասաց ԱՄՆ Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հունիսի 12-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանների գործողությունները տեղավորվում են ժողովրդավարության արժեքների մեջ։
«Ժողովրդավարության մեջ խաղաղ ճանապարհով հավաքներ անելու իրավունքը կենսական իրավունք է, բայց նաև, երբ կա կայացած ժողովրդավարություն, քաղաքական փոփոխության հասնելու ճանապարհը ժողովրդավարական համակարգն է»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե հետևում են Երևանում ընթացող ցույցերին։
«Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»,- նշել էին դեսպանությունից։