17/06/2024 13:16
Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվել է
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է։
Դանիբեկյանը հայտնել է, թե հարցում է կատարել, որն էական նշանակություն ունի կարգապահական վարույթի քննության համար։ Այդ պատճառով դատական նիստը հետաձգվել է, մինչև կլինի պատասխանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ԲԴԽ աշխատակազմի՝ դատական դեպարտամենտի պատրաստած տեսանյութի հիման վրա։
Մասնավորապես, փետրվարի 10-ին ԲԴԽ-ի պաշտոնական էջում տեսանյութ էր հրապարակվել, որով ԲԴԽ-ի աշխատակազմը դատավորներին է մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի տապալման համար՝ դա կապելով դատական նիստերի ձգձգման հետ և դժգոհելով, թե դրա հետևանքով Ռ․ Քոչարյանի, Ս․ Սարգսյանի գործով վաղեմության ժամկետներն անցել են։
Դեպարտամենտը հորդորել էր վարույթ հարուցող մարմիններին, որոնց թվում է գործադիր իշխանությունը, տեսանյութը դիտարկել կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ գործողություններ իրականացնելու համար։