18/06/2024 10:57
Վիվա-ՄՏՍ. «Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված չորս ընտանիք․ Լուսանկարներ
Զեյնալյանների առօրյան և ապրելու օրակարգը փոխվել է առաջնեկի՝ Դավիթի լույս աշխարհ գալուց ամիսներ անց: Փոքրիկի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված: Ծնողները երեխայի մոտ զարգացման խնդիրներ են նկատել հասակակիցների հետ համեմատության միջոցով: Դավիթի վերականգնողական բուժման հարցը դարձել է առաջնային և տևական: Արցախից Սյունիքի մարզի Կապան քաղաք տեղահանված ընտանիքի համար կարևոր աջակցություն է դարձել Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագիրը: Երիտասարդ ծնողների հոգսերը մասամբ մեղմվել են: Երկրորդ երեխայի՝ դստեր ծննդից հետո էլ սկսել են մտածել հետաձգված խնդիրների լուծման և նոր տուն ունենալու մասին:
Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համար կարևոր է ոչ միայն ծրագրի արդյունավետ ընթացքը, այլև դրա շարունակական ազդեցությունը, մասնավորապես՝ երեխայի կայուն վարքագծի պահպանումը, սոցիալիզացիայի հետագա դինամիկան, անհատական օգնական-ընտանիք օղակում գործակցության պատրաստակամությունը և այլն: Այս ընտանիքում այդ նախադրյալները կան: Չորսամյա Դավիթի անհատական օգնականը՝ Ալվարդ Միրզոյանը, ֆիզիոթերապևտ է: Երեխային ճանաչում է դեռ Կապանի վերականգնողական կենտրոնում անցած բուժման կուրսերից: Այժմ էլ Դավիթի սոցիալիզացիայով է զբաղվում, զուգահեռաբար օգնում է մորը, որպեսզի մայրը նորածին դստեր խնամքի համար ազատ ժամանակ ունենա:
«Դավիթը տասն ամսական էր, երբ նկատեցինք, որ չի նստում: Իր հասակակիցների նման շարժուն չէր: Նյարդաբանն ախտորոշեց մանկական ուղեղային կաթված: «Անհատական օգնական» ծրագիրը շատ կարևոր է և´ Դավիթի, և´ ինձ համար: Դավիթը դարձել է ավելի համբերատար: Նույնը կարող եմ ասել նաև իմ մասին. նյարդերս ավելի հանգիստ են, գիտեմ, որ Դավիթը անհատական լավ օգնական ունի: Ես արդեն հասցնում եմ լիարժեք զբաղվել երկրորդ բալիկիս մեծացնելու հարցերով: Եթե կան մայրեր, որոնք բախվել են նույն խնդրին՝ թող չհուսահատվեն: Ինքս էլ հավատում եմ, որ Դավիթն անպայման քայլելու է», - ասում է մայրը՝ Արաքս Հարությունյանը:
Երիտասարդ տանտիրուհու ժամանակացույցը բավականին բեռնաթափվել է: Արաքսը մասնակցել է դասընթացների և կատարելագործել վարսահարդարի հմտությունները: Ավելի հանգիստ է դստերը մեծացնելու հարցում, փորձում է ոգևորել ամուսնուն՝ կիսակառույց մի շինություն տուն դարձնելու հարցում:
Արդեն 8 տարի Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվում է «Անհատական օգնական» ծրագիրը: Յուրաքանչյուր ընտանիքում 4 ամիս ներգրավվելով՝ փորձառու, վերապատրաստված անհատական օգնականները ամսական 60 ժամ երեխայի խնամք, զբաղվածություն և հմտությունների զարգացում են ապահովում։
Վերջին երեք տարվա ընթացքում «Անհատական օգնական» ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև բոլոր մարզերը: Վերջին ծրագրում ընդգրկվել է նաև Արցախից տեղահանված 4 ընտանիք: