18/06/2024 17:59
Չի կարող խաղաղություն լինել Հայաստանի կապիտուլյացիայի հաշվին. Փաշինյանին, Էրդողանին, Ալիևին, Օ՛Բրայենին սա չի հուզում. Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)
«Շվեյցարիայում «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին բոլորը խոսում էին արժանապատիվ, արդարացի խաղաղության մասին, ինչը ոչ դիվանագիտական լեզվով նշանակում է երկու թշնամի պետությունների միջև այնպիսի խաղաղություն, հարաբերությունների այնպիսի համակարգ, որը կողմերից մեկին զերծ կպահի ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով միակողմանի օգուտներ կորզելու հնարավորությունից, գայթակղությունից։ Այս մոտեցումը, չգիտեք ինչու, անտեսվում է, երբ քննարկում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության հաստատման մհարցը»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀՀ 1992-1993 թթ. վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Մենք պետք է հասկանանք՝ այն խաղաղությունը, որի մասին խոսում է Ջեյմս Օ՛Բրայենը, այն խաղաղությունը, որը մեզ հրամցնում է Փաշինյանը, այն ինչ նկատի ունեն Ալիևն ու Էրդողանը, արդյոք այն խաղաղությո՞ւնն է, որը բավարարում է մեզ։ Օ՛Բրայենին պետք է ցանկացած խաղաղություն, որին մասնակցություն չի ունենա Ռուսաստանը․ ձեռնտու է, եթե անգամ դա լինի Հայաստանի կապիտուլյացիայի հաշվին։ Տավուշում ամենապաշտպանված սահմանագիծը կազմաքանդվեց, Նոյեմբերյանից մինչև Մեղրի ռազմավարական նշանակության կարևորագույն դիրքերն ու բարձունքները մնացել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այս պայմաններում խոսել խաղաղության մասին, նշանակում է, որ ձեր քունքին դեմ են դրել մի ատրճանակ և ասում են՝ պետք է ստորագրեք։ Թե ինչու է այս գործընթացը Օ՛Բրայենին ոգևորում, հասկանալի չէ։ Ի դեպ, նրա ոգևորությունը համահունչ է թե՛ Էրդողանի, թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի ոգևորությանը, բայց դա որևէ աղերս չունի հայ ժողովրդի երկարաժամկետ անվտանգ և դինամիկ զարգանալու տեսլականի հետ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում