18/06/2024 13:14
Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիք․ Գալուզին
Վաշինգտոնը և Բրյուսելը հսկայական ճնշում են գործադրում հետխորհրդային երկրների վրա՝ փորձելով սահմանափակել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ դրա լավագույն օրինակը Ուկրաինան է։
Գալուզինը նաև անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին. «Մենք անկեղծորեն կարևորում ենք Հայաստանի հետ կապերը, աշխատում ենք դրանք կառուցել փոխադարձ հարգանքի վրա և փոխշահավետ ձևով»։
Նա կարծիք է հայտնել, որ Արևմուտքը, ընդհակառակը, փորձում է «Հայաստանը օգտագործել որպես հիբրիդային պատերազմի գործիք Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների դեմ»։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը խոսել է նաև ՀԱՊԿ-ի մասին՝ նշելով, որ Հայաստանի անվտանգության ապահովման այլ արդյունավետ այլընտրանքային մեխանիզմ չկա։
«Երևանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է հայ ժողովրդի ձգտումներին և ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին»,- նշել է դիվանագետը։