18/06/2024 13:50
Եվրոպայի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի լավ են պատկերացնում Եվրոպային սպառնացող հանցավոր սպառնալիքներն ու դրանց դեմ պայքարի միջոցները. Յուրգեն Շտոք
Հունիսի 11-ից 13-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 51-րդ համաժողովը, որին մասնակցել են կազմակերպության 54 անդամ երկրներից շուրջ 160 բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, դիտորդներ:
Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին նշել է, որ Եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսը հնարավորություն է տալիս անդամ երկրներին ներգրավվել արդյունավետ երկխոսության մեջ, կիսվել փորձով և զարգացնել համագործակցային ռազմավարությունները:
Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքն իր խոսքում նշել է, որ Եվրոպայի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկումների շրջանակում ավելի լավ են պատկերացնում Եվրոպային սպառնացող հանցավոր սպառնալիքներն ու դրանց դեմ պայքարի միջոցները:
Քննարկվել են Եվրոպական տարածաշրջանում հանցավորության արդի սպառնալիքների, տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված Ինտերպոլի հնարավորությունների ու դրանց խթանման վերաբերյալ հարցեր, ներկայացվել են Ինտերպոլի կողմից իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը:
Կարևորվել է անդամ երկրների միջև համագործակցության ընդլայնումը մասնավորապես՝ կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, կիբեռհանցավորության, ահաբեկչության, շրջակա միջավայրի դեմ կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ: Անհետ կորած անձանց բացահայտման նպատակով կարևորվել է Ինտերպոլի կենսաչափական տվյալների պահոցների և ծառայություների կիրառումն ու խթանումը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը: Նա համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի նախագահի, գործադիր կոմիտեի փոխնախագահի և տարբեր ենթավարչությունների ղեկավարների, անդամ երկրների պատվիրակությունների հետ:
Համաժողովում ընդունվել է երկու բանաձև: