18/06/2024 20:07
Մենք ամեն ինչ կանենք, որ իր ասած հանրաքվեին Փաշինյանը մասնակցի կալանավայրից, եթե այդ հանրաքվեն լինի, իհարկե․ Հայկ Մամիջանյան
Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է` հանրաքվե լինի, երեկ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների խնդրանքով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը անդրադարձավ այս հայտարարությանը։
«Ես երկար էի հետևում՝ արդյոք Փաշինյանին կհաջողվի՞, կներեք ոչ գրական բառիս համար, այնպիսի «կռուտիտներ» հորինել, ինչպիսիք նա հորինեց Կիրանցի պարագայում, և նա Գեղարքունիքի հատվածում ինչ է ասելու, Սյունիքում ինչ է ասելու, Արարատում ինչ է ասելու, Վայով ձորում ինչ է ասելու․․․ Փաստորեն, չի գտել։ Անձամբ ստի արքան, մանիպուլյացիայի մեծն մասնագետ Նիկոլ Փաշինյանը չի գտել տարբերակ, որ ներկայացնի, թե ՀՀ պետական սահմանը չի փոխվում և, ըստ ամենայնի, ստիպված է գնալու հանրաքվեի։
Ես չգիտեմ՝ կալանավայրերում մասնակցո՞ւմ են հանրաքվեի, բայց մենք ամեն ինչ կանենք նրա համար, որ այդ հանրաքվեին ինքը մասնակցի կալանավայրից, եթե այդ հանրաքվեն լինի, իհարկե»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչը կարող է հետ պահել Փաշինյանին՝ հերթական զիջումներից, Հայկ Մամիջանյանը պատասխանեց՝ միայն հայ ժողովուրդը։
«Փաշինյանին այս ամեն ինչն անելուն խանգարել ունակ է, կարող է և կանի բացառապես ժողովուրդը, ժողովրդի լայն համախմբումը։ Ոչ մի ուժ չի կարող և չպիտի Հայաստանի Հանրապետությունում այս կամ այն բանը պարտադրի օրվա կառավարիչներին, օրվա իշխանությանը։ Օրինակ՝ հիմա դա անում է Ադրբեջանը, բայց իրականում պետք է թելադրի հայ ժողովուրդը, և կթելադրի»,- ասաց նա։
Ժողովրդի լայն համախմբումն, ինչպես նշեց Հայկ Մամիջանյանը, տեղի է ունենում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շնորհիվ, և այդ շարժումը գնալով ավելի մեծ թափ է հավաքելու։