18/06/2024 10:24
Մարզահամերգային համալիրը 2023-ին ապահովել է 106 մլն շահույթ
Հունիսի 17-ին տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 2023 թվականի տարեկան ժողովը։ Այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից։
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին և վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին և վնասների բաշխմանը։
2023 թվականի ընթացքում համալիրում կայացել է 119 տեղական և միջազգային սպորտային, մշակութային միջոցառումներ, համաժողովներ, ցուցահանդեսներ, որոնցից ստացվել է շուրջ 560 մլն դրամի եկամուտ։
Հաշվետու տարում արձանագրվել է 106 մլն դրամ զուտ շահույթ, որը 51%-ով ավելի է 2022 թ․-ի համեմատ։ Պլանավորված շահույթը գերակատարվել է շուրջ 40 մլն դրամով։
Տարեկան ժողովի ընթացքում քննարկվել է նաև մարզահամերգային համալիրի 5-ամյա ծրագիրը, որի իրականացման արդյունքում կվերակառուցվեն հիմնական ենթակառուցվածքները։