18/06/2024 15:12
«Միասին» շարժումը պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում
Սահմանագծում-սահմանազատում կարևորագույն գործընթացում ՔՊ վարչախումբը չունի ազգային-պետական շահերից բխող համապարփակ և իրավական ծրագիր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի օրակարգով անցկացված ապօրինի գործընթացը ոչ մի առնչություն չունի սահմանագծում և սահմանազատում միջազգայնորեն ընդունված հասկացությունների և փորձի հետ։
Գործող վարչախմբի իրականացրած ծրագիրն իրականում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո կատարված սահմանահանձնում է, Հայաստանի ինքնիշխան տարածքների ապօրինի բռնազավթում հակառակորդին անձնատուր իշխանության համաձայնությամբ։
Տավուշյան սահմանահանձնման գործընթացին նախորդել է իր բնույթով հակասահմանադրական նույնպիսի գործողություն Սյունիքում՝ Գորիս-Կապան-Ճակատեն միջպետական ճանապարհի հանձնումը, ինչպես նաև Շուռնուխի, Ներքին Հանդի տարածքների զիջումը Ադրբեջանին։ Այժմ հերթը «անկլավ» կոչված հայկական տարածքներինն է և Ադրբեջանի համար սկզբունքային՝ Սյունիքով Նախիջևանին միանալու ծրագրինը։ Չկարողացանք կասեցնել այս պետականակործան «սահմանագծումը»․ եթե շարունակենք լռել կամ անհամակարգ պայքարել, ապա Հայաստանի ինքնիշխանության և անկախության կորուստները կարող են անդառնալի լինել։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջում է Ադրբեջանի հետ սահմանազատում-սահմանագծում գործընթացի հիմքում դնել 1984 թվականից սկսված և Ադրբեջանի ու Հայաստանի Խորհրդային Հանրապետությունների գործադիր իշխանությունների կողմից վավերացված վարչական սահմանների ճշգրտման արձանագրությունները։ 1984 թ․ հոկտեմբերի 24-ից, ԽՍՀՄ կենտրոնական իշխանության հետ համաձայնեցված, սկսվել է ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ վարչական սահմանների զատումը, որն ավարտին է հասցվել ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Վ․ Մովսիսյանի և ԱդրԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Շ․Ռասիզադեի գլխավորած պատվիրակությունների կողմից։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կատարվել է վարչական սահմանների հստակեցում Նոյեմբերյանից մինչև Մեղրի: Ընդունվել է փաստաթուղթ, որը վերնագրված էր «Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»։ Այս փաստաթղթի արձանագրությունների ներքո դրված են երկու խորհրդային պետությունների ստորագրությունները։ Դրանցից հրաժարվելը հավասարազոր է պետական դավաճանության»։