18/06/2024 17:48
Արթուր Խաչատրյանն ու Իսակ Յունանեսյանը Իրանի հեռուստաեթերում խոսել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Արցախի՝ Արդբեջանին բռնակցման մասին
Շաբաթ ուշ երեկոյան Իրանի ադրբեջանախոս Sahar Azeri հեռուստաալիքը հյուրընկալել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին և Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանին։
Արթուր Խաչատրյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պատճառներն ու պահանջները, մանրամասն անդրադարձել Փաշինյանի անվերջանալի միակողմանի զիջումներին, Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ նվաճողական քաղաքականությանը և անվերապահ կապիտուլյացիայի պահանջին։
Անդրադառնալով իշխանության այն պնդումներին, թե այս շարժումը հայաստանյան չէ, այլ սադրված ու հրահրված է օտար պետությունների՝ մասնավորապես ՌԴ-ի կողմից, Խաչատրյանը հստակ նշել է, որ շարժումը համաժողովրդական է, քանի որ հայ ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել է Փաշինյանի միակողմանի զիջումներով։ «Որևէ ապացույց Հայաստանի իրավապահ և անվտանգային համակարգերը չեն ներկայացրել, որ շարժման թիկունքում կանգնած են երրորդ երկրները։ Սրանով Փաշինյանը փորձում է ցույց տալ՝ իբրև թե ժողովուրդն իրեն սիրում է, ինքը հեղինակություն ունի, իսկ այն ինչ փողոցում ենք տեսնում արտաքին ուժերի գործունեության հետևանք է»։
Զրույցի ընթացքում ընդդիմադիր պատգամավորն ուշադրություն է հրավիրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, դրանով ստանձնած պարտականությունները չկատարելուն, ինչպես նաև Արցախի էթնիկ զտմանն ու Արդբեջանին բռնակցմանը։ Խաչատրյանը նաև խոսել է տարածաշրջանային զարգացումների ու անվտանգային մարտահրավերների մասին։
Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանն անդրադարձել է Հայաստանում սկիզբ առած շարժման առանձնահատկություններին ու Բագրատ Սրբազանի լեգիտիմությանը, խոսել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին կոնսոլիդացնելու հարցում նրա հաջողության մասին։ Յունանեսյանը քննադատել է հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների մասին՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի լռությունը։
Հարթակ տրամադրելով հայ ընդդիմադիր գործչին ու Իրանի հայ համայնքի ներկայացուցչին՝ Sahar Azeri հեռուստաալիքը ուղերձ է հղել ոչ միայն Իրանի ադրբեջանախոս հանրությանը, այլև հենց ադրբեջանցիներին, քանի որ Բաքվում ևս այս ալիքը մեծ լսարան ունի։ Իսակ Յունանեսյանը Yerkir.am-ի հետ զրույցում մատնանշել է տվյալ հեռուստաալիքի հետ հարցազրույցի կարևորությունը, որն արդյունքն է Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի ջանքերի։
Յունանեսյանի փոխանցմամբ՝ հեռուստաընկերության տնօրենի ուշադրությանն են արժանացել Արցախի մասին իր հայտարարությունները և մանավանդ փաստը, որ մինչև 1918 թվականը Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել, որի մասին էլ նա խոստովանել է հարցազրույցի ավարտին։ Յունանեսյանը ներկայացրել է Արցախի հարցի պատմական ու իրավական կողմերը։ «Անդրադարձել եմ նաև շարժման մասին՝ Սփյուռքի դիրքորոշմանը․ սփյուռքահայերի մեծ մասը դեմ են Փաշինյանի վարած քաղաքականությանը, հատկապես ցեղասպանության հետևանքով ձևավորված Սփյուռքը․ Սփյուռքին խիստ մտահոգում է օրինակ՝ սահմանադրական փոփոխությունների հարցը, որով փաստացի Հայաստանը կհրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետապնդումից» ,-հավելել է Յունանեսյանը։