18/06/2024 09:53
«Ժողովուրդ». Շուտով սկսվելու են Գեղարքունիքի մարզի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մարզի տարբեր ներկայացուցիչների հետ։ Թեժ քննարկումներ են եղել, որոնց ընթացքում Կարեն Սարգսյանը հայտարարել է, որ շուտով սկսվելու է Գեղարքունիքի մարզի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերը հաստատվել էին դեռ 2021 թվականի մայիսի 12-ից։ Նրանք մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատել էին Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում և դիրքավորվել։
Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերն են այսօր օկուպացրել, հետ են գնալու, ազատելու են մեր տարածքները։
Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանազատումն անձամբ ինքն է իրականացնելու մարզում, տիրապետելու է բոլոր տվյալներին և գործողություններին, հավատացրել է՝ անհանգստանալու ոչինչ չկա։ Ըստ մարզպետի՝ Ադրբեջանը հետ է գնալու առանց որևէ խնդրի։
Բայց, չնայած մարզպետի լավատեսությանը, հարևան բայց ոչ ամենևին բարեկամ Ադրբեջանն այլ բան է հոխորտում։ Մասնավորապես՝ Ալիևը 2020 թվականի պատերազմից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ իր զորքերը հետ չեն քաշվելու, և սրան զուգահեռ Հայաստանից նոր տարածքների զավթման պահանջներ է դնում՝ ՀՀ ողջ տարածքը համարելով Ադրբեջան և պահանջելով փոխել ՀՀ Սահմանադրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մարզպետից տեղեկանալ՝ որտեղից ունի վստահություն, որ ամեն ինչ Գեղարքունիքի բնակիչների սրտով է լինելու։
«Ես բնակիչների հետ հանդիպում միշտ ունեցել եմ, բայց այդ թեմայով քննարկում չեմ հիշում», – ստեց Կարեն Սարգսյանը։
Ստացվում է, որ Կարեն Սարգսյանի վստահությունը և հավաստիություը, թե ամեն ինչ լավ է լիելու և առանց խնդիրների, մտացածին է, քանի որ Ալիևն ինքն է ամեն օր քար նետում խաղաղության գործընթացի վրա»։