18/06/2024 18:57
Մեղադրող կողմը կարծում է, որ դատարանը, վարչական վերահսկողություն սահմանելով, խախտել է Սաղաթելյանի և Սամսոնյանի խոսքի ազատության իրավունքը, ուստի նրանց նորից պետք է կալանավորել
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմիի» գործ) դատական նիստից հետո փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ դատախազության մոտեցումները հիմնված են նրա վրա, որ ոչ թե օրենքն է մարդու համար, այլ մարդն է օրենքի համար։
«Հատուկ վերաբերմունք կա կոնկրետ այս դատավարության նկատմամբ, հատուկ վերաբերմունք կա Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի մասով»,- ասաց Մելիքյանը։
Պաշտպանական կողմի մյուս ներկայացուցիչը՝ Արսեն Բաբայանն էլ ընդգծեց՝ ի սկզբանե հասկանալի էր, որ քաղաքական հետապնդում է ընթանում, դրանով էլ պայմանավորված է Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ այդ ընդգծված վերաբերմունքը։
«Դատախազների պահվածքը չեմ ուզում անգամ մեկնաբանել, բոլորն էլ դա տեսնում են»,- իրենց անպայման կրկին անազատության մեջ պահելու մոտեցմանն անդրադառնալով՝ ասաց Նարեկ Սամսոնյանը։
«Այսքան ժամանակ նրանք անընդհատ խոսում են, որ դատարանը ճիշտ չի արել, որ մեր խափանման միջոցը կալանքից փոխել է վարչական վերահսկողության։ Նրանք տեսնում են, որ մենք պահպանում ենք մեր նկատմամբ սահմանված նորմերը, բայց միևնույն է, մոտեցումն այն է, որ մենք պետք է կալանավորված լինենք։ Սա է նրանց աշխատաոճը․ կալանքը հանդիսանում է ոչ թե խափանման միջոց, այլ պատժամիջոց»,- ընդգծեց Վազգեն Սաղաթելյանը։
Նարեկ Սամսոնյանն ուշադրություն հրավիրեց նաև հետևյալ հանգամանքի վրա․
«Հանրային մեղադրողներն իրենց վերաքննիչ բողոքում ասում են, որ դատարանն իր որոշմամբ (խափանման միջոցը կալանքից վարչական վերահսկողության փոխելը-խմբ․) խախտել է մեր խոսքի ազատության իրավունքը, դրա համար առաջարկում են փակել մեզ։ Մենք մեկ ամիս է՝ գտնվում ենք դրսում, և նրանց նշած ռիսկերը չեն արդարացել։ Սա ցուցադրական ապացույց է, որ մեր նկատմամբ կիրառված նախորդ խափանման միջոց կալանավորումը և այն, ինչը հանրային մեղադրողներն այստեղ փորձում են անել՝ նորից միջնորդություն ներկայացնելով, լրիվ հիմնազուրկ է։ Վերաքննիչ բողոքում գրել են՝ դատարանը, վարչական վերահսկողություն սահմանելով, խախտել է Վագգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի խոսքի ազատության իրավունքը, այդ պատճառով մենք առաջարկում ենք դատարանին՝ կալանավորել այս մարդկանց, այսինքն՝ բոլոր իրավունքները սահմանափակել։ Սրանով արդեն պրակտիկ դաշտում հիմնավորվում է, որ այս մարդկանց քայլերը պայմանավորված են քաղաքական շահերով»։