19/06/2024 20:24
Ուկրաինայում հակամարտության ելքը կախված է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքից․ Լեհաստանի նախկին նախագահ
Լեհաստանի նախկին նախագահ (1995-2005) Ալեքսանդր Կվասնևսկին կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության ելքը կախված է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքից։ Այդ մասին Կվասնևսկին ասել է պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հետ զրույցի ժամանակ։ Պրանկերները տեսանյութը հրապարակել են Տելեգրամի իրենց ալիքում։
«Իհարկե, գլխավոր հարցերը կորոշվեն Ամերիկայում, քանի որ, իմ կարծիքով, այս ամբողջ իրավիճակում ամենակարևորն այն է, թե ինչ կլինի նոյեմբերի ընտրություններում»,- ասել է Լեհաստանի նախկին նախագահը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է աշխատանք տանել նաև Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Հոլանդիայի ղեկավարների հետ, որպեսզի նրանք հասկանան՝ «պայքար է ընթանում՝ հանուն ամեն ինչի»։ Կվասևնսկին հայտարարել է նաև, թե դա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պայքար չէ։ «Դա մեր պայքարն է»,- ասել է նա։