19/06/2024 15:50
Իշխանական կայքերում և սոցցանցերի էջերում հայտնվում են Գերասիմ Վարդանյանին վերագրվող ձայնագրություններ. փորձում են արատավորել նրա բարի համբավը. ՀՅԴ
Իշխանական կայքերում և սոցցանցերի էջերում հայտնվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին վերագրվող ձայնագրություններ, որոնցով փորձ է արվում արատավորել Գերասիմ Վարդանյանի բարի համբավը և կեղծ լուրեր տարածելով՝ պառակտություններ առաջացնել ընդդիմադիր դաշտում և շարժման շարքերում, նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենյակը։
«Հայտնում ենք, որ իսկությանը չհամապատասխանող այդպիսի ձայնագրությունների ստեղծումը (թե ինչ տեխնոլոգիաներով են դրանք ստեղծել, դեռ կպարզվի քննության ընթացքում) և տարածումն ապօրինի է: Այդպիսի վարքագիծն ամբողջովին համապատասխանում է Հայաստանում հաստատված ռեժիմի ՝ ստի և կեղծիքի որդեգրած գործելաոճին:
Նշենք նաև, որ մենք տեղեկացված էինք այս և նմանատիպ այլ «ձայնագրություններ» պատրաստելու իշխանությունների հանձնարարության մասին:
Մեկ անգամ ևս հայտնում ենք, որ դրանք միանգամայն հակաօրինական են, նմանատիպ ձայնագրությունների ստեղծման և տարածման գործում ներառված բոլոր անձանց պետք է տրվի համապատասխան քրեաիրավական գնահատական»,- ասվում է հայտարարությունում։