19/06/2024 11:10
ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ։
Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: