19/06/2024 12:55
Թող շատ չզվարճանան, ուսումնասիրեն ոչ թե մսխելու հիմք ստեղծելու համար, այլ շնորհակալագիր պատրաստելու, որ պետության գործառույթն ենք ստանձնել․ Սրբազան
Հստակ ասում եմ՝ ես ոչ կտտանքներից եմ վախենում, ոչ կալանքից, ոչ էլ նույնիսկ մահվանից. հրավիրված ասուլիսին հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով այն հարցին, որ իշխանությունները «քչփորում են» վաղեմության փաստաթղթեր և մեղադրում են Սրբազանին բարեգործության անվան տակ որոշ ֆինանսական չարաշահումներում։
«Այո ինձ տեղեկությունները հասել են, որ տարբեր ուսումնասիրություններ են անում, նույնիսկ 15 տարվա հաշիվների, երևի զարմացել են»,-ասաց նա։
Սրբազանը մանրամասներ հայտնեց կոնկրետ Գետահովիտում կառուցված քաղցկեղով հիվանդ երեխաների հոգևոր վերականգնման կենտրոնի մասին՝ նշելով, որ իրենք մեծ ավերված տարածք ունեին և նախաձեռնել են 2020-ին այդ կենտրոնը սարքել։
Սրբազանը նշեց, որ 660 000 եվրո է փոխանցվել տարբեր փուլերով, և 4000 քառ մետր տարածքում շինարարություն է ընթացել։
«Թող հաշվեն, ոչ միայն չենք մսխել, այլև ստիպված ենք եղել մի քանի 100 000 ավելացնել այդ գումարի վրա, որ շինարարությունն ավարտենք, սարսափելի վնասներ ենք կրել, որովհետև այդ ժամանակ տարադրամի փոփոխություն է տեղի ունեցել»,-ասաց նա։
Սրբազանը հիշեցրեց, որ ինքը «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նախագահն է՝ շեշտելով, որ կենտրոնն անվճար է։
«Իրենք թող շատ չզվարճանան, իրենք ոչ թե պետք է ուսումնասիրեն՝ մսխելու հիմք ստեղծելու համար, այլ շնորհակալագիր պատրաստեն, որ ոչ մի բանի չեն մասնակցել, պետության գործառույթն ենք մենք ստանձնել։ Լավ կլինի ուսումնասիրեն ու ամաչեն, եթե շնորհակալության թուղթ էլ պատրաստեն, ձեզ ցույց կտամ»,-ասաց նա։
Սրբազանը նաև նշեց, որ գումարներն անձնապես չի ստանում, այլ օրինական ձևով փոխանցվում են։