19/06/2024 09:40
«Հրապարակ». Մոտ 1 միլիարդի չարաշահումների փաստով վարույթ է հարուցվել. Իշխանությունները փորձում են կոծկել գործը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկի դեմ վարույթ է հարուցվել՝ աննախադեպ մեծ ծավալի չարաշահումների փաստով՝ մոտ 1 միլիարդի։ Իշխանությունները փորձում են կոծկել գործը։ Խոսքը Հովհաննես Մանուկյանի ղեկավարած ոլորտի մասին է, ով 2022 թ․ փետրվարից 1 տարի զբաղեցրել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնը, ապա նշանակվել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն, ում շաբաթներ առաջ պաշտոնանկ արեցին։ Քրեական վարույթը վերաբերում է աղբահանության ոլորտին։
Դեռ 2 ամիս առաջ քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է արել աղբահանության ՀՈԱԿ-ում և հայտնաբերել լուրջ թերացումներ։ Վերահսկողականի պետն այդ բացահայտումների մասին զեկուցել է Տիգրան Ավինյանին՝ գործակարգավարականի ժամանակ, և դրանից հետո Մանուկյանն ազատվել է «Երևանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնից։ Մեր աղբյուրի պատմելով՝ Մանուկյանն Ավինյանի մտերիմներից է, ընտրություններին «վիզ է դրել» նրա համար, սակայն այս չարաշահումների մասին սկսել են խոսել, և, առհասարակ՝ քաղաքապետարանը դարձել է կոռուպցիոն ամենամեծ ռիսկեր պարունակող հիմնարկը, և Ավինյանը որոշել է մեկին զոհաբերել՝ պայքարի իմիտացիա անելով»։