20/06/2024 14:21
ESMT Berlin-ում քննարկվել է Հայաստանում բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Բեռլինի կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Berlin) ղեկավար Յորգ Ռոխոլի և «Մատենա» բիզնես դպրոցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկվել են Հայաստանում EMBA՝ Բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունները:
Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև մասնավոր հատվածի մի շարք ներկայացուցիչներ և ձեռներեցներ Հայաստանից:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանում միջազգային խոշոր կրթական ծրագրերի զարգացումը և ընդլայնումը, որոնք նաև հաշվի կառնեն մասնավոր հատվածի կարիքներն ու պահանջարկը: Նախարարի ընդգծմամբ՝ ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի ռազմավարությանը, որի շրջանակում իրականացվում է «Ակադեմիական քաղաք» նախագիծը, նախադրյալներ է ապահովում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նմանօրինակ ծրագրերի ներդրման համար: Բեռլինի կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Berlin) ղեկավար Յորգ Ռոխոն պատրաստակամություն է հայտնել դիտարկելու համագործակցության հնարավորությունն Ակադեմիական քաղաքի ծրագրի շրջանակում:
Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը Եվրոպայի ամենահեղինակավոր բիզնես դպրոցներից է մեկն է: Այն նաև Գերմանիայի չորս բիզնես դպրոցներից է, որոնք ունեն եռակի հավատարմագրում EQUIS-ի, AACSB-ի և AMBA-ի կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են մագիստրոսական կրթական ծրագրի նկարագրերի ստեղծմանը և դասախոսների վերապատրաստմանն առնչվող հարցեր:
Հաջորդաբար «Մշակույթի նախարարների համաժողովի» գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկի հետ հանդիպմանը քննարկվել են համատեղ իրականացվող այլ ծրագրերը: Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում 20 տարուց ավելի իրականացվում են Արտասահմանում գերմանական դպրոցների (ZFA), Մանկավարժական փոխանակման (PAD) և Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ծրագրերը, ինչպես նաև Երևանում գործում է Գյոթե ինստիտուտի (Goethe Institut) գերմաներենի ուսուցման կենտրոնը:
ՀՀ 12 հանրակրթական դպրոցներում և 2 քոլեջներում վերոնշյալ ծրագրերի շրջանակում իրականացվում են գերմաներենի խորացված ուսուցմամբ ծրագրեր գերմանացի մասնագետների աջակցությամբ:
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել դիտարկել ԳԴՀ ուսումնական հաստատություններում հայերենի ուսուցում կազմակերպելու հնարավորությունները: Այս համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել թե՛ ուսուցիչների վերապատրաստման, թե՛ ուսումնական նյութերի տրամադրման հարցում:
Գերմանական կողմը նաև հետաքրքրվել է տեխնոլոգիական կրթության ուղղությամբ հայաստանյան փորձով, մասնավորապես՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ԱՐՄԱԹ լաբորատորիաների գործունեությամբ: «Մշակույթի նախարարների համաժողովի» գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում՝ ինչպես ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացի, այնպես էլ դուալ կրթության համակարգում կարողությունների զարգացման ուղղությամբ: Նշվել է հատկապես շինարարության ոլորտում համագործակցության հնարավորությունը՝ որպես Հայաստանի համար գերակա ուղղություն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ավարտական փաստաթղթերի ճանաչմանը, Հայաստանի և Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունների զարգացմանը, մասնագիտական վերապատրաստումների իրականացման և այլ հարցերի: