20/06/2024 15:35
Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել Ռայա Նազարյանը
Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ ստանալով 131՝ կողմ, 66՝ դեմ և 39 ձեռնպահ ձայներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է բուլղարական BTA-ն։
Ընտրվելուց հետո Ռայա Նազարյանն իր ելույթում նշել է, որ խորհրդարանն՝ անկախ հասարակության վստահության աստիճանից, գործադիր և օրենսդիր իշխանությունների լեգիտիմացման միակ հարթակն է։
«Այդ իսկ պատճառով մեր յուրաքանչյուր ներկայացուցչի ընդհանուր պարտականությունն է ապահովել քաղաքական գործընթացների կարգավորումը և արդարացնել հասարակության ակնկալիքները՝ կապված կայունության, անվտանգության և արդարության հետ»,- ասել է նա։
Նա նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության և Ազգային ժողովի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետևելու առումով։