20/06/2024 13:37
Վարչապետին է ներկայացվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:
Տիգրան Խաչատրյանը նախ զեկուցել է հաշվետու տարում նախարարական կոմիտեի նիստերի և միջգերատեսչական խմբերի գործունեության մասին, որոնց շրջանակում իրականացվել է միջգերատեսչական փոխգործակցություն ենթադրող գործընթացների համակարգում և օպերատիվ միջամտություն, առանձին ներդրումային ծրագրերի ընթացիկ աշխատանքների համակարգում:
Փոխվարչապետը ներկայացրել է նաև 2023-ին հումանիտար ճգնաժամի կառավարման՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխատանքային խմբի գործունեությունը և Հումանիտար կենտրոնի կողմից առաջնային արձագանքի կազմակերպչական աշխատանքները: Մասնավորապես՝ իրականացվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառման և տեղավորման շուրջօրյա աջակցության կետեր` Կոռնիձորում, Գորիսում և Վայքում, տարածքային հումանիտար կենտրոնների ստեղծում մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում, սոցիալական աջակցության ծրագրերի մշակման և իրականացման միջգերատեսչական համակարգում: Իրականացվել են կայուն կենսապայմանների ապահովման հետ կապված աշխատանքներ, այսինքն՝ առաջնային սոցիալական աջակցության միջոցառումներ, կեցության աջակցություն, առողջապահական, կրթական և սոցիալական պաշտպանության մեխանիզմների հասանելիություն, զբաղվածության ապահովում, բնակարանային ապահովություն, զբաղվածության հնարավորություններ` բնակարանային ծրագրի շրջանակում նախընտրելի բնակավայրերում:
Զեկուցվել է, որ 2024 թ. ապրիլ ամսվա տվյալներով՝ ՀՀ-ում աշխատանքի է անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 300 անձ, 1065 անձ էլ ունի գործող ա/ձ կամ գրանցված է որպես ընկերության հիմնադիր/մասնակից: