20/06/2024 21:57
Իլոն Մասկը կարծում է, որ արհեստական ինտելեկտի պատճառով համաշխարհային աղետի հավանականությունը 20% է կազմում
Իլոն Մասկը կարծում է, որ արհեստական բանականության զարգացման պատճառով համաշխարհային մասշտաբի աղետի հավանականությունը 10-20% է։ Միլիարդատերն այդ մասին ասել է «Կաննի առյուծներ» փառատոնում իր ելույթի ժամանակ։
«Հակված եմ համաձայնվել արհեստական ինտելեկտի կնքահայրերից մեկի՝ Ջեֆ Հինթոնի հետ, ով արհեստական ինտելեկտի զարգացման պատճառով սարսափելի աղետի հավանականությունը 10-20% է գնահատում»,- Մասկի խոսքերն է մեջբերել Deadline հարթակը։
Իլոն Մասկն իր ելույթում չի մանրամասնել, թե կոնկրետ ինչպիսի աղետի մասին է խոսքը, նշել է միայն, որ ամեն դեպքում՝ պետք է լավատես լինել։ «Բաժակը լցված է 80 տոկոսով, պետք է լուսավոր կողմին նայել»,- ասել է նա՝ հավելելով, թե մարդկությունը իր պատմության ամենահետաքրքրիր ժամանակաշրջանն է ապրում։
Հատկանշական է, որ 2023-ի նոյեմբերին Մասկը մտավախություն էր հայտնել արհեստական բանականության զարգացման արագ տեմպերի առնչությամբ՝ այդ տեխնոլոգիան անվանելով սպառնալիք մարդկության գոյության համար։ Միևնույն ժամանակ Մասկը նշել էր, որ արհեստական բանականությունը «երկսայր սուր է», որը կարելի է օգտագործել ինչպես հօգուտ, այնպես էլ՝ ի վնաս մարդկության։