20/06/2024 09:49
«Փաստ». Կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու պատգամավոր Դավիթ Դանիելյանը
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզի քպականների շրջանում, մեղմ ասած, լարված վիճակը շարունակում է նորանոր դրսևորումներ ստանալ: Խմորումներն ավելի են խորացել Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո:
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ԱԺ քպական պատգամավոր, սյունեցի Դավիթ Դանիելյանը, իսկ ահա Կապան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը, որը համարվում է նույն Դավիթ Դանիելյանի «մարդը», հեռացվել է կուսակցությունից:
Մեր ունեցած տեղեկություններով, պատճառն այն է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, նշյալ անձինք իրենց հեռու են պահում կուսակցությունից, չեն պահում կուսակցության «գիծը», մի խոսքով, ինչպես մեր զրուցակիցը նշեց, «յան են տվել»: Արդյունքում, մեր զրուցակցի փոխանցմամբ, մասնավորաբար Կապանի ՔՊ կառույցը փաստացի չի գործում, գրեթե լուծարված վիճակում է»։