20/06/2024 16:23
Սարգիս Խանդանյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ չնայած երկու երկրների միջեւ առկա հեռավորությանը` մի շարք ոլորտներում` կրթության, զբոսաշրջության, առեւտրատնտեսական, անվտանգային, կա համագործակցության մեծ ներուժ:
Սարգիս Խանդանյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին` այս հարցում կարեւորելով միջազգային գործընկերների աջակցությունը: Սարգիս Խանդանյանը դեսպանին տեղեկացրել է, որ Կառավարությունը վերջերս հաստատել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: