20/06/2024 17:58
Ռուսաստանն ու Վիետնամը հայտարարություն են ընդունել՝ հաստատակամ են բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը նպաստելու գործում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Վիետնամ կատարած պետական այցի արդյունքներով երկու երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որում նշված է, որ Ռուսաստանը և Վիետնամը նպաստելու են արդար և կայուն բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։
«Ռուսաստանը և Վիետնամը հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ խթանելու առավել արդար և կայուն բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծելու օբյեկտիվ գործընթացը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։
Կողմերը փաստում են համաշխարհային քաղաքական և տնտեսական լանդշաֆտի դինամիկ փոփոխությունները, գլոբալ հարավի պետությունների դիրքերի և իրական հնարավորությունների ամրապնդումը, ողջունում են միջազգային գործընթացների կառավարման գործում նրանց դերի բարձրացումը»,- նշված է հայտարարությունում։
Հայտարարության համաձայն՝ Մոսկվան և Հանոյը ելակետային են համարում հանգամանքը, որ բոլոր պետություններն իրավունք ունեն իրենց ազգային շահերին համապատասխան և ժողովրդի կամքից ելնելով ընտրել զարգացման սեփական մոդելը, քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգը։