21/06/2024 16:40
Վահագն Հայրապետյանի նոր «Օսմոս տրիո»-ն տիեզերական երաժշտությամբ կներկայանա «Տիգրան արտ ստուդիո»-ում
Ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանն իր նոր «Օսմոս տրիո» խմբով առաջին անգամ ելույթ կունենա նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Տիգրան արտ ստուդիո»-ում, որտեղ երաժշտական երեկոների կազմակերպումն ավանդույթ է դարձել:
Հունիսի 23-ին ժամը 19:30-ից նկարչի ստուդիան կլցվի «Օսմոս տրիո»-ի յուրահատուկ երաժշտությամբ, որը ծնվում է համերգի ընթացքում: Տրիոյի անդամներն են Արտյոմ Մանուկյանը (թավջութակ) և Կարեն Քոչարյանը (հարվածայիններ):
«Մենք նվագում ենք երաժշտություն, որ ստեղծվում է համերգի ընթացքում բոլորի աչքի առաջ և հանդիսատեսի մասնակցությամբ, իմպրովիզ է, բայց հետո ստեղծագործությունները հանձնում ենք թղթին, ձայնագրում: Երաժշտությունը կախված է ունկնդրից, նրա էներգիայից, տրամադրությունից, վիբրացիայից»,-նշում է Հայրապետյանը:
Նա վերջերս նոր ստեղնաշարային գործիք է ձեռք բերել, որ կոչվում է Osmose: Այդ գործիքը նորարարություն է ստեղնաշարային գործիքների աշխարհում: «Խմբի անունը ընտրել եմ՝ ոգեշնչվելով գործիքից: Շատ տարօրինակ գործիք է՝ տարօրինակ տեսքով ու հնչողությամբ»,-ասում է երաժիշտը:
Խումբը նորաստեղծ է, սակայն ելույթներ է ունեցել տարբեր հարթակներում, իսկ Ձիթողցյանի ստուդիայում առաջին անգամ են նվագելու: «Հետաքրքիր վայր է, տրամադրող, արվեստի և բնության համադրությամբ: Վերջին անգամ այնտեղ Արտո Թունջբոյաջյանի և Արտյոմ Մանուկյանի համատեղ ելույթն եմ լսել: Այնտեղ անգամ հանդիսատեսն է տիեզերական»,-կարծում է Հայրապետյանը:
Համերգը կիրականացվի «ԹԻ ԷՄ պրոդակշն»-ի նախաձեռնությամբ, որի ջանքերով «Տիգրան արտ ստուդիո»-ում հիշարժան երաժշտական երեկոներ պարբերաբար կազմակերպվում են: 2023-ին ստուդիան հյուրընկալել է Նյու Յորքից իտալացի թավջութակահար Ռիք Ռոզատոյին, որը Հայաստան էր ժամանել Տիգրան Համասյանի համերգային ծրագրի շրջանակում: 2024-ին այնտեղ համերգներով հանդես են եկել տաղանդաշատ երաժիշտներ Վարդան Օվսեփյանն ու Արտո Թունջբոյաջյանը: Առաջիկայում երաժշտասերները առիթ կունենան ունկնդրելու Լիլիթ Պիպոյանին:
Յուրաքանչյուր համերգից առաջ հանդիսատեսը հնարավորություն է ունենում վայելելու Տիգրան Ձիթողցյանի ինքնատիպ ստեղծագործությունները, իսկ համերգի ընդմիջմանը վայելում է Ձորաղբյուրի մեղմ եղանակը: