21/06/2024 10:17
Ադրբեջանն իր ռազմավարական նպատակները ձևակերպելիս, ուժի հարցը միշտ պահում է քաղաքական զինանոցում. Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո հետ չի կանգնել իր հրահրած սպառազինությունների մրցավազքից և զինված ուժերի արմատական ռեֆորմներին զուգահեռ հսկայական գնումներ է անում:
Ռազմական գնումների հիմնական աշխարհագրությունը մեծ փոփոխություններ չի կրել, այստեղ առաջատարները Իսրայելն ու Թուրքիան են, սակայն ռազմական ոլորտում ադրբեջանական ձեռքբերումները միայն այդ երկրներով չեն սահմանափակվում:
Սրան զուգահեռ, Ադրբեջանը փորձում է իր նավթադոլարային ազդեցությունն օգտագործել` խոչընդոտներ ստեղծելու հայաստանյան մատակարարումների համար:
Մեծ ծավալներով սպառազինվելով՝ Ադրբեջանը 2 հիմնական խնդիր է փորձում լուծել:
Առաջին, ուժերի հավասարակշռվածության խախտում` ի օգուտ Ադրբեջանի, ինչը նրան մեծ հնարավորություններ է տալիս, որպեսզի բանակցային գործընթացում հանդես գա թելադրողի դիրքերից:
Երկրորդ, Ադրբեջանն իր ռազմավարական նպատակները ձևակերպելիս, ուժի կիրառման հարցը մշտապես պահում է իր քաղաքական զինանոցում:
Այն հիմնական միջազգային դերակատարները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային երկարատև խաղաղության դիրքերից, պետք է այսպիսի փուլերում զսպեն ադրբեջանական ագրեսիվ մղումները, հակառակ դեպքում, դրանք մի շրջափուլում կմտնեն անկանխատեսելիության դաշտ, իսկ դրա հետևանքների դեմ պայքարն այլևս անիմաստ կլինի»: