21/06/2024 14:17
Քաղաքականությունը պահանջում է զսպվածություն հանրային հարաբերություններում. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Թե՛ քաղաքագիտության, և թե՛ քաղաքացիական կյանքում կարևոր է իրադարձությունների և երևույթների վերլուծությանը մոտենալ անաչառությամբ և հանդուրժողականությամբ։
Անկախ արած եզրակացություններից, անհրաժեշտ է խուսափել հապճեպ դատողություններից և հատկապես՝ պիտակավորումներից։ Իսկ վիրավորանքների անցնելը ոչ միայն կառուցողական երկխոսության մեջ մտնելու անկարողության նշան է, այլ նաև կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ տվյալ անձի քաղաքական, սոցիալական և մասնագիտական դիրքի վրա:
Հանդուրժողականությունը կարևոր հատկանիշ է, որն անհրաժեշտ է քաղաքականության և, առհասարակ, կյանքում՝ արդյունավետ փոխգործակցության համար: Մյուս կողմից, հանդուրժողականությունը չի ենթադրում զգացմունքների բացակայություն։
Շատ դեպքերում զգացմունքներ դրսևորելը ճիշտ է և տեղին, օրինակ, երբ խոսքը գնում է պետության ու հայրենիքի գոյութենական խնդիրների մասին։ Բնականաբար, նորմալ է, որ այդ թեմային անդրադառնալիս խոսքն այնպես է ձևավորվում, որ այն ունկնդիրների մոտ կարեկցանք և փոխըմբռնում առաջացնի: Բայց, հենց այստեղ է, որ պետք է կարողություն ունենալ խստորեն տարբերելու խոսքի հուզականությունը՝ կոնկրետ մարդկանց նկատմամբ հույզերի դրսևորումից։
Քաղաքականությունը պահանջում է զսպվածություն հանրային հարաբերություններում՝ խուսափելով և՛ անձնական համակրանքների, և՛ հակակրանքների արտահայտումից: Այդպիսի հեռավորություն պահպանելը պայմաններ է ստեղծում իրավիճակների օբյեկտիվ և խելամիտ վերլուծության համար և թույլ է տալիս հարգանք ու կառուցողական երկխոսություն պահպանել քաղաքական գործընթացի տարբեր մասնակիցների հետ»։