21/06/2024 12:14
Մկրտչյանը Կիպրոսի ԱԳՆ-ին է ներկայացրել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վիճակը
Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին:
Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԳ նախարարի՝ մարտին Երևան կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ միջազգային հարթակներում փոխադարձ անվերապահ աջակցությունը, երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը և այդ համատեքստում Երևանում և Նիկոսիայում դեսպանությունների բացումը, ինչը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում։
Դեսպան Մկրտչյանը նախարար Կոմբոսին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի մարտահրավերները, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը: