22/06/2024 09:45
«Հրապարակ». Ծեծուջարդի, կռվի, կրակոցների, արյունալի դեպքերի, ծանր հանցագործությունների պակաս չկա
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծեծուջարդ, կռիվ, կրակոցներ՝ վերջին շրջանում արյունալի դեպքերի, ծանր հանցագործությունների պակաս չկա մեզանում։ Իսկ իրավապահները, որքան էլ «բարեփոխվում» են, հանցագործությունների աճը կանխել ի վիճակի չեն, նրանք ավելի վարպետորեն ընդդիմության դեմ գործեր են կարում, ցույցեր ցրում։ Օրերս հերթական բախումն է գրանցվել։
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարևանությամբ տասից ավելի տղամարդկանց միջև ծեծկռտուք է եղել։ Սկսվել է մի ապտակից, ավարտվել խմբակային ծեծկռտուքով։ Իսկ ինչի՞ համար են իրար ապտակել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ ապտակի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ կապված վեճը։ Կռվի մասնակիցների մի մասն ասում է, թե մեքենայի ազդանշանն է պատճառ դարձել, մյուսները՝ թե իրար ճամփա չզիջելը»։