22/06/2024 09:41
«Փաստ». Իշխանություններին հաջողվում է նոր «ռեկորդներ» գրանցել «պատմական Հայաստանի» վերաբերյալ «նուրբ» թեմաների ոլորտում
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունների կողմից վարվող «պատմական Հայաստանի» ու դրանից բխող «նուրբ» թեմաների ժխտողական քաղաքականությունը նորանոր դրսևորումներ է ստանում, այդ թվում՝ կրթության ոլորտում: Ավելին, իշխանություններին հաջողվում է նոր «ռեկորդներ» գրանցել։
«Փաստ» թերթը վերջին շրջանում մի քանի դպրոցներից տեղեկություններ է ստանում, որ ավարտված ուսումնական տարվա վերջում որոշակի գործընթացներ են գեներացվել, որոնք նոր ուսումնական տարվա սկզբին նախատեսվում է առավել հստակ ու «համակարգված» իրականացնել։ Հարցն ավելի զգայուն է հատկապես «Հայոց պատմություն» առարկայի հետ առնչվող հարցերի վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ խոսքը վերաբերում է դասապրոցեսում պատմական տեղանունների հետ կապված հարցերին. մասնավորաբար, երևանյան մի քանի դպրոցներում ուսուցիչներին արդեն արգելել են օգտագործել «Արևմտյան Հայաստան» եզրույթը՝ պարտադրելով օգտագործել «Արևելյան Թուրքիա» ձևակերպումը։
Բացի դրանից, արգելվում է դասաժամերին «նախկին» քարտեզներ կիրառել՝ Արևմտյան Հայաստանի քաղաքների, տեղանունների մասին աշակերտներին որպես դիդակտիվ նյութ և տեսանելի պատկեր չունենալու համար։ Մեզ հայտնի է դարձել նաև, որ այն համարձակ ուսուցիչները, որոնք չեն ենթարկվում այդ կարգադրությանը, տնօրենների կողմից առանձին խիստ նկատողության են արժանանում, նրանց սպառնում են, որ նման կեցվածքով հետագայում առաջնորդվելու դեպքում ուղղակի կհեռացվեն»։