22/06/2024 00:32
«Ու՞ր են Գանձասարը, Ամարասը, Ղազանչեցոցը, Դադիվանքը, ո՞ւր են մեր տղերքի շիրիմները․ Դրա մասին խոսիր, ոչ թե մեքենայի մասին, ա՛յ մեքենա չտեսած մարդ»․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը Արցախի ներկայացուցչությունում։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումից հետո Բագրատ Սրբազանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։
Նա հստակ դատապարտեց Հայաստանի իրավապահ մարմինների կողմից Արցախի ներկայացուցչությունում այսօր կատարվածը․ հիշեցնենք՝ հատուկջոկատայինները կոտրել էին ներկայացուցչության դարպասը, ներս մտել ու առգրավել Արցախի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան։ Սրբազանն ընդգծեց՝ դատապարտելի է արարքը, հատկապես, որ ոչ մի դիմադրության չի եղել, պատրաստ են եղել բացել դարպասը։
«Փորձել են դմակահանդես սարքել, ինչպես սարքում են միշտ։ Դարպասները կոտրել են, ինչի կարիքը չկար, կարող էին հանգիստ բացել, մտնել ներս»,- ասաց Սրբազանը՝ քաղաքական, հասարակական ուժերին կոչ անելով դատապարտել տեղի ունեցածը։
«Ընկել են ինչ-որ մեքենայի հետևից։ Էդ մեքենա՞ն է ձեզ երջանկացնելու։ Սրանք երևի կյանքում ոչ մի բան չեն տեսել, հիմա ինչ-որ բաներ են տեսել, որոշել են, թե դրանով կարող են մարդկանց «պատժել»։ Հսկա երկիրը տապալել, կործանել եք, հայրենիքը հանձնել եք, հիմա ընկել եք մեքենայի հետևից։ Այնքան ճղճիմ, ստոր աստիճանի են հասել, որ կարծում են՝ դա ինչ-որ բան է նշանակում։ Ոչ մի արժեք չունի դա հայրենիք կորցրած մարդու համար, որի պատճառը դու ես հենց (Նիկոլ Փաշինյանը-խմբ․)»,- ընդգծեց Սրբազանը։
Նա նշեց նաև՝ մեքենաների մասին մտածող Նիկոլ Փաշինյանը թող պատասխանի՝ ու՞ր է հիմա Արցախը։
«Թող մեքենաների մասին չմտածի, թող պատասխանի՝ ու՞ր է Գանձասարը, ու՞ր է Ամարասը, ու՞ր է Ղազանչեցոցը, ու՞ր է Դադիվանքը։ Ո՞ւր են մեր տղերքի շիրիմները։ Թող դրա մասին խոսի։ Դրանքը բոլորն ինքը գողացել, կողոպտել է։ Այն մեծախոսներն էլ՝ իր հետ։ Դրա մասին թող մտածի։ Մարդիկ մի կերպ եկել, հասել են Հայաստան էդ եղած մեքենաներով։ Բնավեր ես արել այս մարդկանց․ խոսիր ոչ թե մեքենայի մասին, ա՛յ մեքենա չտեսած մարդ, այլ խոսիր, թե այդ մեծ սրբություններն ինչ ես արել, շիրիմներն ինչ ես արել մարդկանց»,- ասաց Սրբազանը՝ դիմելով Փաշինյանին։