22/06/2024 00:49
Դատապարտում եմ․ Դա պարզապես ցույց է տալիս նրանց վերաբերմունքը Արցախի նկատմամբ․ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցածի մասին
Սա մեքենայի հարց չէ, սա ուղղակի Արցախից մնացածը վերացնելու հարց է, անդրադառնալով այսօր Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցածին, ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք՝ հատուկջոկատայինները կոտրել էին Արցախի ներկայացուցչության դարպասը, ներս մտել ու առգրավել Արցախի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան։
«Հունիսի 7-ին, երբ առաջին անգամ քննիչներն եկան ու փորձեցին առգրավել մեքենան, հասկացան, որ դա անօրինական է և պետք է դատարանի համապատասխան վճիռ լինի և հեռացան։ Այդ նույն երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել ՔԿ ղեկավարի հետ՝ իր նախաձեռնությամբ։ Մեր խոսակցության վերջնական արդյունքը եղել է այն, որ ՔԿ ղեկավարն ասաց, թե իրեն սխալ են զեկուցել, այդ սխալ զեկույցը փակելու համար՝ ինքնագլուխ որոշում են կայացրել՝ առգրավելու մեքենան, իսկ ինքը չի իմացել, որ այդ մեքենան սպասարկում է Արցախի նախագահին․ եթե իմանար, այդպիսի բան չէր լինի։ Ես նրան փոխանցել եմ, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ այդ մեքենան որտեղ պետք է՝ ուղարկել։
Բայց այսօր այս իրավիճակը, որը ստեղծվել է ինձ ՔԿ հրավիրելուց հետո, անթույլատրելի եմ համարում և դատապարտում եմ, որովհետև դրա իմաստը չեմ տեսնում։ Մենք այդ մեքենան որտեղ ասեին՝ ուղարկելու էինք։ Պայմանավորվածությունն այդպիսին էր։ Եվ այն իրավիճակը, որը ստեղծվել է այստեղ՝ մուտքի դռները ջարդելով, մեքենան բռնի տանելով, ուղղակի ցույց է տալիս վերաբերմունքը Արցախի նկատմամբ»,- ասաց Սամվել Շահրամանյանը։
Նա հայտնեց նաև, որ այսօր իրեն ՔԿ հրավիրել էին հարցաքննության՝ որպես վկա ցուցմունք տալու Սարգիս Գալստյանի գործով։